четверг, 17 марта 2011 г.

Ալեք Բոլդուինը հրաժարվել է «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմում խաղալուց

Մարտ 16, 2011 | 20:41 
Ալեք Բոլդուինը հրաժարվել է նկարվել «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասում, հաղորդում է Collider կայքը:
Ըստ նոր ֆիլմի սյուժեի, գործակալ Ջեյը տեղափոխվում է անցյալ` 1969թ.: Այլմոլորակայինների հետ համագործակցության գաղտնի բյուրոն 60-ականների վերջում ղեկավարում է մի անձ, որի դերն էլ առաջարկվում էր Բոլդուինին: Սակայն դերասանը հայտնել է, թե չի նկարվի զբաղվածության պատճառով:
Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու Բոլդուինին: Նոր ֆիլմի ռեժիսորը կրկին Բարրի Զոննենֆիլդն է: Ուիլլ Սմիթն ու Թոմմի Լի Ջոնսը խաղալու են գործակալներ Ջեյի եւ Քեյի դերերը:

Լարա Ֆաբիան. Ամենամեծ երազանքս Շառլ Ազնավուրի հետ համագործակցությունն է

«Ես շատ բան գիտեմ Հայաստանի մասին, հարգում եմ ձեր մշակույթը։ Ձեր երկրի մասին պատմել են ծանոթներս, այդ թվում դատապաշտպանս եւ Շառլ Ազնավուրը»,- մարտի 17-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց հայտնի ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանը։
Երչուհին խոստովանեց, որ ազգանվան «իան» վերջավորությունը հաճախ շփոթում են հայկական «յան»-ի հետ, եւ իրեն ճանաչում են, որպես հայուհու։
«Համերգներով հաճախ եմ այցելում տարբեր երկրներ, եւ ամեն անգամ անհանգստանում եմ, թե արդյոք կհասկանա՞ տեղի հանդիսատեսն իմ արվեստը, բայց ինձ դուր է գալիս նոր ունկնդիրներ գտնելը»,-ասաց Ֆաբիանը՝ նշելով, որ մարտի 18-ի երեւանյան համերգին եւս հուզմունքով է սպասում։
Նա նշեց, որ հայ հանդիսատեսի համար կատարելու է իր երգացանկից հայտնի երգեր, ինչպես նաեւ մի քանի նոր երգ «Մադմուազել Ժիվագո» վերջին ալբոմից։  
Ֆաբիանը խոստացավ մտածել հայերեն երգելու ուղղությամբ մինչեւ Հայաստան կատարելիք հաջորդ այցելությունը։ «Իմ ամենամեծ երազանքը Շառլ Ազնավուրի հետ համագործակցելն է»,- ասաց երգչուհին։
Հիշեցնենք, որ Լարա Ֆաբիանի համերգը կանցկացվի Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։


Իրանի իշխանությունները կալանավորել են 5 քրիստոնյայի եւ այրել Աստվածաշունչը


Մարտ 17, 2011 | 22:54 
Իրանի իշխանությունները կալանավորել են 5 քրիստոնյայի, այդ  թվում մեկ հոգեւորականի, ում մեղադրել են «իսլամական օրենքի դեմ հանցագործություն գործելու» մեջ եւ դատապարտել մեկ տարվա ազատազրկման:
Բացի այդ, ենթադրաբար, Իրանի իշխանություններն այրել են կալանավորվածների մոտ գտնվող Աստվածաշունչը, հաղորդում է «Պրավոսլավիե.ru» կայքը՝ վկայակոչելով Bos News Life-ին:
Christian Solidarity Worldwide իրավապաշտպան կազմակերպության տեղեկատվությամբ, այդ դատավճիռը կայացրել է Իրանի Շիրազ քաղաքի հեղափոխական դատարանը եւ դատապարտյլները 20 օր ժամանակ ունեն այն բողոքարկելու համար:
Բոլոր կալանավորվածները Իրանի ընդհատակյա, այսպես կոչված, ընտանեկան եկեղեցիների անդամներ են, որոնց թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է:

Լարա Ֆաբիանը խոստացավ հաջորդ անգամ Երևանում երգել հայերեն


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի կապակցությամբ համերգային ծրագրով Երևանում է աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանը։
Այսօր ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսին՝ երգչուհին ասաց. «Մեծ հաճույք և մեծ պատիվ է ինձ համար այս օրերի շրջանակում Հայաստանում գտնվելը»: Նա հավելեց, որ յուրաքանչյուր արվեստագետի համար խանդավառության մեծ առիթ է նոր երկրներ տեսնելը, ճամփորդության ժամանակ այլ երկրների մշակութային արժեքների հետ հաղորդակցվելը, նոր հանդիսատես հայտնագործելը»։
Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգչուհին կներկայացնի իր հայտնի երգերը։
Լարա Ֆաբիանը խոստացավ հաջորդ անգամ երևանյան համերգի ժամանակ կատարել նաև հայերեն երգեր։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ երգչուհին ասաց, որ թեև ծանոթ չէ հայ երգահաննների աշխատանքներին, սակայն շատ կցանկանար համագործակցել Շառլ Ազնավուրի հետ։ Հայ մշակույթի պատառիկներին երգչուհին ծանոթացել է հատկապես ԱՄՆ-ում Ճամփորդությունների ժամանակ իր ընկերների հաղորդած տեղեկությունների շնորհիվ։
Երգչուհին ցավով նշեց, որ ժամանակի սղության պատճառով չի կարող ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, սակայն այսօր կայացած ճաշի ժամանակ որոշ հետաքրքիր դեպքեր է իմացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից։